Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում: Հանրապետության հրապարակում հունիսի 25-ին նախատեսված երեկոյին 2013-ին գրված և երբևէ չկատարված գործը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Երգեհոնով նրանց կնվագակցի Գարի Քյոսայանը: «Որպես հայ քրիստոնյա` միշտ երազել եմ գրել «Ավե Մարիա»` ձոն առ մայրության, ձոն առ Մարիամ Աստվածածնի: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ բախտ վիճակվեց նման գործ գրել»,- շեշտում է կոմպոզիտորը: Ստեղծագործությունն առանձին ձայնասկավառակի տեսքով հասանելի կլինի հունիսի 24-ից:
Ձայներիզում «Ավե Մարիա»-ն հնչում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և երգչուհի Իրինա Զաքյանի կատարմամբ: Գարի Քյոսայանն իր խորին շնորհակալությունն է հայտնում Ռուսաստանի «Զարգացման հիմնադրամ»-ին` ի դեմս գործարար Արման Սահակյանի, որի շնորհիվ հնարավոր դարձավ սկավառակի լույսընծայումը: